Դիարբեքիրում հիմնվել է հայկական լավաշի առաջին փուռը (լուսանկար)
Դիարբեքիրում (ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելք) բացվել է հայկական լավաշի առաջին փուռը, հաղորդում է Akunq պարբերականը։ Այն բացել է Սասունի հայ Էրհան Յամանը։ Երկար տարիներ նա ապրել է Մուշում, որտեղ լավաշի փռեր շատ կան։
Բայց Դիարբեքիրում չկան։ Տեղի բնակիչներին ցույց տալու համար, թե ինչ է հայկական լավաշը, Յամանը որոշել է բաղադրատոմսը բերել Հայաստանից (թեև մեզ մոտ Մուշը և Սասունը համարվում են հայկական քաղաքներ)։ Հայաստանից նա տեխնոլոգիան է ներմուծել և նույնիսկ թոնիր` լավաշ թխելու համար։
Հացի փռի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունվարի 20–ին։ Բացման առթիվ շատ լավաշ են թխել, որով Յամանը հյուրասիրել է առաջին այցելուներին։
Սա Դիարբեքիրում առաջին «հայկական նշանը» չէ։ 2011թ–ի աշնանն այստեղ կրկնակի օծվել է սուրբ Կիրակոս եկեղեցին` կառուցված 600 տարի առաջ։ Այնուհետ տեղի է ունեցել պատարագ։ Այդ համարձակ քայլի իրականացմանը օգնել է այն ժամանակվա քաղաքապետ, ներկայիս պատգամավոր Օսման Բայդեմիրի (ազգությամբ քուրդ) վճռականությունը։