Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Համերգին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից, ինչպես նաև տարբեր տարիների փառատոնի բացարձակ հաղթողները և ժյուրիի անդամները:
Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին: 2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող և համույթ: Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Ավստրիան, Ավստրալիան, Բելառուսը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Իսպանիան, Իրանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Շվեյցարիան, Չինաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Սիրիան, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Մոնղոլիան, Լեհաստանը, Իրանը և այլն :
Փառատոնի բացմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ողջունելով փառատոնի բոլոր մասնակիցներին և փառատոնի շրջանակներում Գյումրի այցելած հյուրերին, կարևորեց 10-րդ անգամ անցկացվող միջազգային մշակութային միջոցառումը, որպես երկրաշարժից վերածնված քաղաքի վերազարթոնքի խորհրդանիշ:
Փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև բարեկամական կապեր ստեղծել ու բացահայտել երիտասարդ տաղանդներին: Հաղթողներն ու մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի մարզերում, Արցախում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: