Թուրքական գաղտնի փաստաթղթում հայերը ներկայացված են որպես երկրի ներքին թշնամի
Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջման դատական գործընթացի շրջանակներում գաղտնազերծվել է զինված ուժերի գլխավոր շտաբի «Թուրքիայի դեմ ներքին սպառնալիք» զեկույցը, որը հայերին բնորոշում է որպես թշնամի:
Սեպտեմբերի 12-ից երեք ամիս առաջ հույժ գաղտնի գրությամբ և այդ ժամանակվա ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի ստորագրությամբ 1980թ. հունիսին վաշտերի և գնդերի հրամանատարոթյանն ուղարկված զեկույցում տեղ են գտել հետաքրքիր գնահատականներ քրիստոնյա փոքրամասնության, մասնավորապես' հայերի և հույների վերաբերյալ: Զեկույցի «ավերիչ և պառակտիչ գործողություններ» բաժնում խոսվում է նաև հայերի մասին:
Զեկույցում ներկայացվում է թուրքական պաշտոնական տեսակետը, հայերը դավաճան են. սատարել են ռուսներին, սպանել թուրքերի, մուսուլմաններին:
Թուրքական «Ռադիքալ» թերթը գրում է, որ զեկույցում 1.5 միլիոն հայերի մահվան պատճառ դարձած աքսորը համապատասխանում էր գործող օրենքներին և օրինաչափ էր դիտվում: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան բանակը հայերի դավաճանության և հանցագործությունների հաճախակիացնման պատճառով նրանց պատերազմական շրջանից ստիպված էր հեռացնել: Սակայն այդ շրջանում հայերի կորուստները 1.5 միլիոն չէին, այլ մոտ 50-100 հազար» :
Զեկույցը նախազգուշացնում է, որ հայ երիտասարդները, հետևելով իրենց նախնիների օրինակին, կարող են նորից եվրոպական երկրների քաղաքականության գործիքը դառնալ:
Անդրադառնալով հայ եկեղեցու գործողությանը' նշվում է, որ երկրի արևելյան շրջաններից Ստամբուլ տեղափոխվածներին եկեղեցին աջակցում է' նման կերպ փորձելով պահպանել հայության ներկայությունը:
Զեկույցն արդարացնում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ հայերին դավաճան ներկայացնում, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, քանի որ եթե անցյալում աջակցում էին ռուսներին, ապա այժմ, ըստ զեկույցի, սատարում են քրդերին: