Վարչապետն անդրադարձել է «Բուրգեր Քինգ»-ի պայթյունին. «Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք»
ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման խնդրին, մասնավորապես, «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած պայթյունին:
«Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմինները, ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները: Միաժամանակ, նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,-ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց ԱԻ նախարարին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտումգործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ:
«Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ապահովման հարցերում ներգրավել առողջապահական տեսչական մարմնին:
Առաջարկում եմ գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով ԱԻՆ ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վեր հանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Նա ԱԻՆ և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման , ինչպես նաև գործնականում առկա խնդիրների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:
«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում և կիրառում»,-դիմելով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին, ընդգծեց վարչապետը: