Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ «Vatican News»-ին (տեսանյութ)
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը «Vatican News»-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք, օծման արարողությունը տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի և այլ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ։
Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։
«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- հայտնել է «Vatican News»-ը:
«Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների միջև եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ:
Մենք նախ և առաջ հիշում ենք Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդությունը՝ որպես ուխտագնացություն։ Կարող ենք տեսնել նաև բազմաթիվ ուխտագնացների, որոնք Ֆրանցիսկոս պապից օրինակ են վերցրել և սկսել են ուխտագնացություններ կատարել քրիստոնյա, մշակույթով հարուստ, արևելյան, բայց միևնույն ժամանակ նույնքան արևմտյան այդ հողի վրա։ Այս արձանը Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդության անմիջական պտուղն է, որովհետև Վատիկանի պարտեզներում արձանի տեղադրման այս գաղափարը քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի միջև, երբ նախագահը Սուրբ Հորը նվիրեց այդ արձանի փոքր օրինակը՝ որպես երախտագիտության նշան Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը շնորհելու համար»,- նշել է Միքայել Մինասյանը: