«Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիներին մերժելու համար տուգանվեց 5 մլն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը և տուգանել 5 մլն դրամով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տուգանելու հիմքը երկու բնակիչների բողոքներն են, որոնք դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որ իրենց տան համակարգը միացնեն ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին, սակայն մերժվել են:
Մի դեպքում դիմողը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Նիկոլայ Հարությունյանն է, մյուս դեպքում նույն մարզի Այգեկ գյուղի բնակիչ Արզուման Հարությունյանը:
Առաջին դեպքում քաղաքացին «Վեոլիա ջուր»-ին դիմել է 2017 թվականի մարտի 31-ին, որից հետո 8 ամիս անց միայն ընկերությունը պատասխանել է և իր մերժումը հիմնավորել նշված հասցեում ապօրինի ջրամիացման առկայության հետ:
Երկրորդ դեպքում, քաղաքացին «Վեոլիա ջուր»-ին դիմել է այս տարվա հունվարի 9-ին, սակայն սահմանված ժամկետում տեխնիկական պայմաններ չի ստացել, որի առնչությամբ ընկերության կողմից ստացել է բանավոր պատասխան, որ դիմումը ընկերության աշխատակցի անփութության պատճառով չի մուտքագրվել և պետք է սպասել: