Ինչո՞ւ իշխանական վերնախավը ապրիլի 2-ին Եռաբլուրում հարգանքի տուրք չմատուցեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
Ընդամենը մեկ շաբաթ առաջ ողջ իշխանական վերնախավը ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին, իսկ ահա երեկ՝ ապրիլի 2-ին, քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար Եռաբլուր էր այցելել այդ նույն վերնախավից միայն Վիգեն Սարգսյանը՝ այն էլ ի պաշտոնե:
Ինչո՞ւ իշխանական վերնախավը ապրիլի 2-ին Եռաբլուրում հարգանքի տուրք չմատուցեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Նույն այդ իշխանությունը զորակցություն էր հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին, իսկ երեկ խոսքից գործ անցման հնարավորությունը կար և անձամբ կարող էին քաջալերել ծնողներին, սակայն կրկին սայթաքեցին:
Գրեթե նույն պատկերն էր նախորդ տարի, երբ Խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին հենց ապրիլի 2-ին, իսկ իշխանական վերնախավը զոհերի շիրիմներին ծաղիկներ խոնարհեց և գնաց իր հաղթանակը տոնելու:
Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանականները կարողանում են ժամանակ տրամադրել և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, իսկ ահա 110 հայրենիքի պաշտպանների հիշատակը հարգելու, նրանց ծնողներին քաջալերելու և չանտեսելու համար ժամանակ չունեն: Ընդամենը 2 տարի առաջ այդ նույն զինվորն էր պաշտպանում նույն այն պետության սահմանները, որի ղեկավարման հարցը մշտապես կռվախնձոր է եղել ներիշխանական կուլիսներում: Ստացվում է զինվորը պետություն նվիրեց, իսկ իշխանությունը՝ անարգեց: