Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա
Հանրապետությունում սպասվող ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար գյուղացիները պետք է հողատարածքները ոռոգեն: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, միայն անհրաժեշտ է ժամանակին դիմել ջրօգտագործողների ընկերություններ:
«Համոզված եմ, որ գյուղացիները այդ օրերին հողատարծքները ոռոգելու հնարավորություն կունենան: Պետք է ժամանակին դիմել ՋՕԸ-ներին, հայտ ներկայացնել, որպեսզի վերջիններս կարողանան իրենց աշխատանքները կազմակերպել: Ես վստահեցնում եմ, որ որևիցե լրացուցիչ դժվարություն չի լինի, անհրաժեշտ է պարզապես դիմել»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն Արարատի մարզի ցածրադիր գոտիներում ոռոգման գործընթացն սկսվել է, գյուղացիներին ջուր է տրամադրվում:
Հայաստանում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2…-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից` ԱԻՆ-ը, հատկապես ջերմոցային տնտեսություններին, հորդորում է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում, հնարավորության դեպքում, նշված ժամերին կատարել ոռոգում: