Նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը պատասխանում է ինտելեկտուալ հարցերի
Այս անգամ Operativ.am-ի ինտելեկտուալ հարցերին է պատասխանում «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
-Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենաերկար գետը:
-Եփրատը, իսկ աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է:
-Ո՞ր թագավորի մասին է գրում Մովսես Խորենացին, թե նրա օրոք Հայոց աշխարհում անմշակ հող չէր կարելի գտնել` ո′չ լեռնային, ո′չ դաշտային մասերում՝ երկրի շենության պատճառով:
-Տիգրան Մեծի երևի, չեմ հիշում (սխալ է, Մովսես Խորենացին գրում էր Արտաշես Առաջինի մասին):
-Ո՞ր հեղինակի գրչին է պատկանում «Մթնաղի անուրջներ» ժողովածուն:
-Կարծում եմ Տերյանի:
-Կնշեք, թե ո՞ր թվականին է Անին մայրաքաղաք հռչակվել:
-Ես հայ ժողովրդի պատմությունից ճշգրիտ հիշողություն չունեմ (Անին մայրաքաղաք է հռչակվել 1045թվականին):
-Ո՞վ է «Անուշ» օպերայի հեղինակը:
-Արմեն Տիգրանյանը:
-Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Որոգայթ Փառացը»:
-Չեմ կարող ասել, չեմ էլ կարդացել, չգիտեմ («Որոգայթ Փառացը» ապագա Հայաստանի պետության օրենքների ժողովածու էր):
-Հայ գրականության մեջ ո՞վ է «Նորավեպի իշխանը»:
-Րաֆֆին երևի , կամ գուցե Բակունցը (սխալ է, ճիշտ պատասխանն է Գրիգոր Զոհրապը):
-Ե՞րբ է կնքվել Սան Ստեֆանոյի պայմանագիրը:
-1879 թվականին: Ավելի ճիշտ 1878 թվականին սկիզբն է դրվել, ապա շարունակվել է մինչև Բեռլինի վեհաժողով:
-Երգել, պար գալ, գնաց, կերազի, կանչում է. այս արտահայտություններն ի՞նչ խոսքի մասի են պատկանում:
-Դրանք բայեր են:
-Ե՞րբ է ԽՍՀՄ-ի նախագահի պաշտոնից հրաժարական տվել Մ. Գորբաչովը :
-1991թվականին: