Նաև այսպիսի ընտրություն է լինում
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրություններում եգիպտացիները «ընտրել» են նաև անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի ճանաչված ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին: Ճիշտ է, պաշտոնական քվեաթերթիկներում եղել են միայն երկու թեկնածուների անուններ, սակայն այն ընտրողները, որոնք դեմ են եղել երկուսին էլ, թվեարթերթիկում որպես իրենց նախընտրելի թեկնածու նշել են Սալահի անունը, դրանով իսկ անվավեր դարձնելով իրենց քվեաթերթիկը:
Արդյունքում Սալահը մոտ 1,5 միլիոն «ձայն» է ստացել՝ 25 միլիոն քվեարկողներից: Ընտրություններում հաղթել է գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, ով ստացել է 21,5 միլիոն ձայն, իսկ ահա երկրորդ թեկնածուն ստացել է ընդամենը 721 հազար քվե: Ստացվում է այնպես, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը Եգիպտոսի նախագահի ընտրությունների այդ ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք