Ինչ իրավասություններով է օժտված լինելու ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում ստեղծվող Ռազմական ոստիկանությունը
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցող փոփոխությունները մի շարք հարցեր են հարուցել հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնակչության շրջանում:
Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ, ինչպես՝ 102-րդ ռազմաբազայում, այնպես էլ՝ Երևանի կայազորում, որտեղ կան ռազմաբազային պատկանող զորամասեր, ճանապարհային երթևեկության անվտանգության, զինվորական կարգուկանոնի և կայազորում օբյեկտների պահպանության նպատակով ձևավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում: ՌՈ ներկայացուցիչները զինվելու են զենքերով, հատուկ հանդերձանքով և ռազմական տեխնիկայով:
Ըստ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի տարածած հաղորդագրության՝ Հայաստանում ռազմական ոստիկանության տեղակայվելիք ստորաբաժանման նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:
Սակայն 1997 թվականին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրով, որը կնքվել է 1995 թվականին ստորագրված պայմանագրի հիման վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազայում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին որևէ բառ գրված չէ:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակն էլ, իր հերթին՝ ասել է, որ խնդիրն այս պահին քննարկման փուլում է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով:
Հայաստանյան փորձագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն, որ ռազմաբազայում ստեղծվող Ռազմական ոստիկանության ուժերը կարող են օգտագործվել հասարակության դեմ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու և ինչ-ինչ որոշումներ պարտադրելու նպատակով: Ըստ փորձագետների, ռուսական ռազմական ոստիկանությունը Հայաստանում կարող է միջամտել երկրի ներքին գործերին: Հայաստանցի փորձագետներն այս փոփոխությունները նաև պայմանագրի խախտում են որակում։
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը իր խոսքում ասաց, որ այդ մտավախությունները ռազմական ոստիկանության իրականացնելիք գործառույթների հետ որևէ առնչություն չունեն: Ըստ նրա` Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի դեպքեր չլինեն: