Որո՞նք են ՆԱՏՕ-ի պայմանները՝ Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման համար
ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը երբեմնի համագործակցությունը կվերականգնեն, եթե Մոսկվան «սկսի գործել միջազգային իրավունքի համաձայն», հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մենք ցանկանում ենք առճակատումից խուսափել, սակայն չենք կարող անտեսել այն, թե ինչպես է Ռուսաստանը խախտում միջազգային նորմերը: Անհնար է դասական համագործակցությանը վերադառնալ, մինչև Մոսկվան չսկսի գործել միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է գեներալը:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կառուցմամբ, սակայն իրավիճակը սաստիկ բարդացել է ՀԳՎ նախկին սպա և բրիտանական լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված: Ըստ որում՝ Պավելը վստահություն է հայտնել, որ հարձակումն իրականացրած հանցագործներին կհայտնաբերեն: