Եթե Մալախովը խախտի արգելքը, Ջիգարխանյանը կարող է դատարան դիմել. Իրավիճակը վերահսկվում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին վիրավորողները խիստ կպատժվեն: Դերասանը հովանավոր ունի Ռուսաստանի Հանրային պալատում, հայտնում է Дни.ру պարբերականը:
«Ջիգարխանյանը պաշտպանված կլինի դեպքերի հետագա զարգացումներից և հոգնեցուցիչ դատաքննություններից։ Ժողովրդական արտիստին վիրավորողները կպատժվեն։ Իրավիճակը վերահսկվում է, չկասկածեք։ Պարզապես մի փոքր ժամանակ է պետք», — ավելացրել է Հանրային պալատի անդամը, որը սակայն ցանկացել է չբացահայտել իր անունը։
Բացի այդ, Ջիգարխանյանը շոումեն Անդրեյ Մալախովին արգելել է իր պատկերը (լուսանկարներ և տեսանյութեր) ցուցադրել «Ուղիղ եթեր» («Прямой эфир») թոք շոուի ժամանակ։
«Քանի դեռ շոուն վարկանիշ է ապահովում, այն շարունակվելու է։ Իսկ այդ թեման վարկանիշ է ապահովում», — ասում է հոգեբան Օլգա Մախովսկայան։
Սակայն եթե Մալախովը խախտի արգելքը, դերասանը կարող դատարան դիմել։
Այս տարվա հունվարի 31-ին Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուրի դարձավ, ինչն առանձնապես չի ուրախացրել նրա նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։