Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է AhvalNews-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի նախագահը Հայկո Բաղդատի դեմ դատական հայց էր ներկայացրել 2015 թվականին Taraf պարբերականում «Ով սպանեց Ահմեդ Հաքանին» հրապարակման մեջ օգտագործված արտահայտությունների համար։
Թուրքական դատարանը Բեռլինի դատարաններից մեկի միջոցով պահանջել է դատական հայցի հետ կապված պարզաբանման հրավիրել Հայկո Բաղդատին և այդ պարզաբանումը իրենց ուղարկել, սակայն գերմանական դատարանը հրաժարվել է Հայկո Բաղդատին կանչել հարցաքննության։
Դրանից հետո թուրքական դատարանը Հայկո Բաղդատի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Նշենք, որ լրագրողական գործունեության համար Հայկո Բաղդատի դեմ բազմաթիվ դատական հայցեր կան, որոնց պատճառով նա Թուրքիայից տեղափոխվել է Գերմանիա։