Մաքսիմ Ֆադեևը նոր երգ է գրել Կեմերովոյի զոհերի հիշատակին (տեսանյութ)
Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:
Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Ռուս կոմպոզիտորը երբեք անտարբեր չի եղել երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Հատկապես,երբ խոսքը վերաբերում է երեխաներին:
Իր ինստագրամյան էջում Մաքսիմ Ֆադեևը տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է այն մասին, որ երգը ծնվել է այլ կոմպոզիցիայից:Այն գրել է իր ընկերոջ համար, ով կորցրել էր որդուն: Երբ տեղի է ունենում Կեմերովոյի սարսափելի ողբերգությունը, Ֆադեևի ընկերը զանգահարում է իրեն և խնդրում երգել այդ երգը բոլորի համար՝այն նվիրելով հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին: «Ես կցանկանայի, որ այն օգներ, գոնե մի քիչ: Եթե դա ինչ-որ մեկին օգնի, ես չափազանց երջանիկ կլինեմ: Նրանք, միևնույն է, ողջ են»,-եզրափակում է կոմպոզիտորը:
Երգը սոցիալական ցանցում անվճար հասանելի է երգչի բոլոր պաշտոնական էջերում: