«Վազում էին, ինձ թվաց ֆիլմից են ուշանում». Կեմերովոյում հրդեհի ժամանակ հայ մարզիկը երեխաների է փրկել
Մարզիկ Արսեն Խաչատրյանը կնոջ և մանկահասակ երեխաների հետ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում է եղել, երբ բռնկվել է խոշոր հրդեհը: Նա պատմել է, որ մարտի 25-ին ընտանիքի հետ գնացել էին բոուլինգ խաղալու, բայց տեղ չէր եղել, որոշել էին ֆիլմ դիտել:
«Բարձրացանք 4-րդ հարկ, մոտեցանք դրամարկղին, որ տոմսերը վերցնենք, հենց այդ պահին նկատեցինք, որ ժողովուրդը սկսեց վազել: Սկզբում ինձ թվաց, որ ֆիլմից են ուշանում, նույնիսկ կնոջս ասացի՝ արի շուտ առնենք, որովհետև կինոյից ուշացանք, մեկ էլ տեսա, որ ծուխ է դուրս գալիս: Մեր դիմաց երկու փոքր երեխա կար, ծնողներն էին կորցրել, արագ էդ երկու երեխային էլ ենք գրկել ու բոլորով իջել ենք ներքև: Հանեցի դուրս բոլորին, ինքս հետ եկա, մեքենան հանեցի, էլի երեխաներ կային, իրենց էլ ինձ հետ դուրս բերեցի շենքից: Որ նորից ուզում էի հետ գնալ, արդեն ամբողջը ծխով էր լցված, ներս չկարողացա մտնել: Մարդիկ վերևի հարկերից ստիպված պատուհաններից էին իրենց գցում»,- պատմել է Արսեն Խաչատրյանը:
Ականատեսի խոսքով, հրդեհը միանգամից է բռնկվել՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակում, որտեղից էլ այն տարածվել է. «Մեր կարատեի ֆեդերացիայից երկու երեխա՝ քույր և եղբայր, այդ սենյակում են եղել, հրդեհի հետևանքով, ցավոք, մահացել են: Կինոսրահներն էլ հենց այդ սենյակի մոտ են եղել: Դեռ պարզ չէ, թե որն է եղել հրդեհի պատճառը, բայց նախնական ասում են, որ այդ շենքում նախկինում հրուշակեղենի արտադրամաս է գործել, հետո դարձրել են առևտրի կենտրոն, բայց ինչ-որ թունավոր նյութեր են մնացել, դրանից է, որ հրդեհն այդքան արագ տարածվել է»: