Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը
Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան միջոցների բովանդակությունը:
«Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնում է նրան Միացյալ Նահանգների դեմ ուղղված պատասխան միջոցների մասին», - ասել է նա: «Այն ներառում է նույն թվով դիվանագետների արտաքսում և Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության գործունեության թույլտվության կասեցման մասին մեր որոշումը», - ասել է նա:
Սերգեյ Լավրովը նաև ասել է, որ բացի ԱՄՆ-ից, այլ երկրների նկատմամբ Մոսկվայի միջոցները նույնպես հայելային կլինեն՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսմանը,:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արտաքսել էր 60 ռուս դիվանագետների :