Էստոնիայի հայազգի քաղաքացուն Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել երկիր (լուսանկար)
Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով: Այս մասին Օգանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել էր մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել էր Բաքու։ Սակայն Կարինեի՝ օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո՝ հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։
Կատարվածի առնչությամբ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։
Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»։