«Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր». Կեմերովոյի բնակիչները դուրս են եկել ցույցերի (ուղիղ միացում)
Մարտի 27-ի առավոտյան ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչները հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ:
Интерфакс գործակալությունը հաղորդում է, որ Խորհուրդների հրապարակում հավաքվել է առնվազն 300 մարդ, սակայն այնուհետ սկսել են շատանալ: Գործակալության հաղորդմամբ՝ հանրահավաքի վայրում են կենտրոնանում ոստիկանական լրացուցիչ ուժեր:
Ինչպես գրում է meduza.io-ն, տեսանյութերում կարելի է տեսնել, որ հավաքվել է շատ ավելի մեծ թվով մարդ:
Քաղաքացիները պահանջում են իշխանություններից պատմել հրդեհի մասին ճշմարտությունը, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի պաշտոնապես հրապարակված թվին: Մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհի մարման համար աշխատել է քիչ թվով հրշեջ: Նրանք նաև պահանջում են, որ իրենց մոտենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 27-ին ժամանել է Կեմերովո:
Երբ հավաքվածների մոտ է դուրս եկել Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլյովը, մարդիկ նրան դիմավորել են «Ճշմարտությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր» կոչերով:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվարկել առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ:
Հայտնի է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: