Հանցավոր անփութությունն ու փնթիությունն է պատճառը. Պուիտինը խոսել է Կեմերովոյի ողբերգական հրդեհի մասին (տեսանյութ)
Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ խոսել է Կեմերովոյի 4 հարկանի՝ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին: Հրդեհի հետևանքով մահացել է 64‚ այդ թվում՝ երեխաներ և տուժել 50-ից ավելի մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ Պուտինի‚ հրդեհը տեղի է ունեցել անփութության հետևանքով:
«Ինչ է կատարվում այստեղ‚ սա ռազմական գործողություն չէ‚ մարդիկ‚ երեխաները եկել են այստեղ հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և կորցնում այսքան շատ մարդկանց և ինչի՞ պատճառով: Ինչ-որ հանցավոր անփութության‚ ինչ-որ անկարգության ու փնթիության պատճառով‚- մեկնաբանել է ՌԴ նախագահը:
Երեքշաբթի առավոտյան Վլադիմիր Պուտինը մեկնել է Կեմերովո և անմիջապես ուղևորվել հրդեհված առևտրի կենտրոն: Սիբիրի դաշնային դեպարտամենտի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մեջլիոյի հետ միասին նա նաև ստուգել է առևտրի կենտրոնի ճակատային մասը: