Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կհայտնվեն
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանում է ձևավոևվում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Հարավային ռազմական կայանի մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար առանձին պարեկային խմբեր են հատկացվել, սակայն այդ խմբերի կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն մասնագետներով‚ ովքեր Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում են պատրաստում անցել:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ անձնակազմի ընտրությունն իրականացնելու են հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից‚ սերժանտներից և զինվորներից: Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի նախատեսվում է ռազմական ոստիկանության մեկ ստորաբաժանում էլ ձևավորել Երևանի ռազմական կայազորում:
Հիշեցնենք‚ որ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարաձգել են ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը՝ մինչև 2044 թվական: Ժամկետի երկարաձգումը ենթադրում է նաև ռազմական պարտականությունների ընդլայնում: