Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց. Մխիթարյանը՝ Էստոնիայի դեմ խաղի մասին
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Էստոնիայի դեմ ընկերական հանդիպումը բարդ ստացվեց: Այսօր՝ մարտի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը ոչ-ոքի՝ 0:0, խաղաց մրցակցի հետ: Հանդիպումից հետո Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:
-Տարվա առաջին հանդիպումն էր, արդյունքը՝ 0:0: Ի՞նչ տպավորություններ ունեք խաղից:
-Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբում լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո ընթացքում շտկվեց: Նույնը կարող եմ ասել 2-րդ խաղակեսի սկզբի մասին. ինչ-որ տեղ չէր ստացվում, բայց հետագայում արդեն շտկեցինք, կարողացանք, խաղի ռիթմը բռնել, բայց արդեն ուշ էր:
-Հնարավո՞ր է, որ եղանակային պայմանները խանգարեցին:
-Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Ոչ միայն մեզ համար էր քամի, այլեւ հակառակորի համար: Առաջին խաղակեսում երեւի մեզ խանգարեց, 2-րդ խաղակեսում՝ նրանց, բայց կարծում եմ, որ նորմալ հաշիվ գրանցվեց:
-Նորեկի վերաբերյալ...
-Քիչ խաղային ժամանակ ստացավ, կոնկրետ ոչ մի բան չենք կարող ասել, բայց հուսով ենք, որ հետագայում էլ ավելի շատ կհարմարվի թիմին ու մեծ օգուտ կտա:
-Լիտվայի դեմ առաջիկա ընկերական խաղից ակնկալիքները...
-Կարծում եմ՝ այս խաղից հետո դեռ պետք է վերականգնվենք, պետք է վերականգնենք ուժերը եւ արդեն թարմ ուժերով խաղանք Լիտվայի դեմ: Դեռ չենք վերլուծել նրանց խաղը, դեռ չգիտենք՝ ինչպես ենք խաղալու, բայց հուսով եմ, որ ավելի լավ կխաղանք: