Թրամփը մարտի 26-ին կհայտարարի ռուս դիվանագետների արտաքսման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի`մարտի 26-ին կարող է հայտարարել Ռուսաստանի «տասնյակ» դիվանագետների արտաքսման մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Թրամփը հաշվի է առել իր խորհրդականների առաջարկները:
Նշվում է, որ որոշումը դեռևս վերջնական չէ: ԱՄՆ նախագահն առաջին հերթին ցանկանում է համոզվել, որ Եվրոպայում դաշնակիցները նույնպես պատրաստ են արտաքսել ռուս դիվանագետներին:
Միջադեպից հետո 23 ռուս դիվանագետներ արդեն արտաքսվել են Մեծ Բրիտանիայից: Լիտվան նույնպես պատրաստ է նման միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Սկրիպալին ու նրա դստերը թունավորել էին մարտի 4-ին: Այժմ նրանք կոմայի մեջ են: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածի համար մեղադրեց Ռուսաստանին, ինչը լարվածություն առաջացրեց Լոնդոնի և Մոսկվայի միջև: