Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, այն հինգերորդը... մի՞թե չի գալու... Պարույր Սևակ (տեսանյութ)
ՏեսանյութերՆա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ'
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին'
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք'
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք'
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ' ես քեզ չտեսա,
Ամառը անցավ' ես քեզ չտեսա,
Աշունը անցավ' չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի' չեմ տեսնի ես քեզ...
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու ...