«Ապրած և Չապրած տարիներ». Վարդգես Պետրոսյան
Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
Բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են' լավ մարդ է: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:
Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր' կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ մարդիկ իրար շատ նման են. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում:
Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ' ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:
Խմել և քնել' երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
Բոլոր ամուսնացածներին թվում է, թե չամուսնացածները երջանիկ են:
Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել' ձանձրալի է:
Բայց մ՞իթե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը' լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
Երևի, ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն նա չի: Նրան չպիտի գտնես: