Ֆրանսիայում ձերբակալել են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Monde թերթին:
«Ըստ մեր տեղեկությունների՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է: Նա գտնվում է Նանտերի դատական ոստիկանությունում, որտեղ նրան կանչել են Լիբիայի կողմից 2007 թվականին նրա նախագահական քարոզարշավի հնարավոր ֆինանսավորման գործի քննության շրջանակում»‚- գրում է թերթը:
2012 թ. Գարնանը Mediapart ֆրանսիական հրատարակությունը փաստաթղթեր էր հրապարակել‚ ըստ որոնց 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբը ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում:
2016-ին, երբ աղմկահարույց մանրամասներ էր հրապարակել Քադաֆիի ու Սարկոզիի միջնորդ, գործարար Զիյադ Թաքիեդին: Նա լրագրողներին պատմել էր, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ ինքն անձամբ առնվազն երեք անգամ Լիբիայից ճամպրուկներով միլիոններ է բերել Փարիզ ու փոխանցել Սարկոզիին ու նրա օգնականներին:
Հիշեցնենք‚ որ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2013 թվականից իրավապահները հետաքննում են Սարկոզիի 2007-ի նախագահական քարոզարշավում տեղ գտած հնարավոր խախտումները, մասնավորապես՝ Լիբիայի բռնակալ Մուամար Քադաֆիի կառավարությունից ֆինանսական միջոցների ներգրավումը: