ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է Վորոնեժում տեղի ունեցած՝ հայկական միկրոավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունը, որի ժամանակ ենթադրաբար Հայաստանի քաղաքացիներ են տուժել, հայտնում է «РИА Новости»-ն:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Հայաստանից ուղևորվող ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով Վորոնեժի մարզում տուժածների մասին տեղեկությունը»,- Facebook-ի իր էջում հայտնել է դեսպանատունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
Մարզի Պավլովսկի շրջանի հերթապահ-դիսպետչերական ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը եղել է հանդիպակաց գոտի ավտոբուսի դուրս գալը:
Ծառայության տվյալներով՝ հոսպիտալացվածներից երեքը ծանր վիճակում են, հինգը՝ միջին ծանրության: Նրանք բոլորը Հայաստանի բնակիչներ են: