Գյումրիում Պուտինը 95 տոկոս ձայն է հավաքել
Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95 տոկոս ձայն է հավաքել Գյումրիում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
«Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է մոտ 95 տոկոս ձայն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի դիտորդը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը հայտնել է, որ Երևանում քվեարկությանը մասնակցել է մոտ 5 հազար մարդ, Պուտինը հավաքել է մոտ 90,5 տոկոս ձայն:
Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են երկու հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում ռուսական դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում: