Միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է Ալիևին հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով
Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ինչպես և սպասվում էր. Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով»,- գրել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասը պատմականորեն Ադրբեջանինն են:
Դրանից առաջ էլ, փետրվարի 9-ին, Իլհամ Ալիևը «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են» իրենց պատմական տարածքներ, այդ թվում Երևան: Այս առնչությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետևյալը. «Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»: