Հայաստանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին որևէ մզկիթ չի ավերել
Այսօր ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց պատմական հուշարձանների մասին: Նրա խոսքով' պատմական հուշարձանները բոլոր պատերազմների ժամանակ էլ ավերվել են: Հուշարձանների ավերումը շարունակվում է նաև մեր օրերում:
Գագիկ Գյուրջյանը նշեց, որ 1954թ. ընդունվեց Հաագայի կոնվենցիան' մշակութային ժառանգության պահպանման համար: Հայաստանը դրան միացավ 1993թ.: Կոնվենցիան ստորագրել է մոտ 126 երկիր:
Նրա խոսքով' Հայաստանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին որևէ մզկիթ չի ավերել, իսկ Ադրբեջանը բազմաթիվ եկեղեցիներ է ավերել: Նախիջևանի տարածքում այսօր հայկական հուշարձանների որևէ հետք չկա: Մասնագետի խոսքով' Թուրքիան ևս հայկական կոթողների նկատմամբ ջարդ է իրականացնում: Հայաստանը կարող է դատի տալ Ադրբեջանին և Թուրքիային:
Գագիկ Գյուրջյանի խոսքով' Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Անհրաժեշտ է ստեղծել ինքնուրույն մարմին՝ համալրված մասնագետներով։