Դոնալդ Թրամփի դստերն ու փեսային տեղափոխող ուղղաթիռի շարժիչը խափանվել է. ուղղաթիռն օդանավակայան է վերադարձել
Ուղղաթիռը, որում գտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու փեսան, շտապ վերադարձել է Վաշինգտոնի օդանավակայան, այն բանից հետո‚ երբ թռիչքի ժամանակ խափանվել է շարժիչներից մեկը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով CNN-ին:
Պատահարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն հայտնի է դարձել միայն հիմա: Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները ուղղաթիռով Վաշինգթոնից Նյու Յորք էին ուղևորվում, սակայն թռիչքը սկսելուց հետո շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել: Օդաչուն որոշել է շտապ վերադառնալ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան:
CNN-ի տեղեկություններով՝ վայրէջքը հաջող է կատարվել, տուժածներ չկան: Շարժիչի խափանման պատճառները հայտնի չեն: Զույգի պաշտոնական ներկայացուցիչը պատահարը ոչ մի կերպ չի մեկնաբանել:
Չի հաղորդվում, թե կոնկրետ ում ուղղաթիռով էին Իվանկան ու Ջարեդը Նյու Յորք թռչում և ինչ նպատակով: Արդյունքում զույգը որոշել է մեգապոլիս հասնել կոմերցիոն ավիաչվերթով: