Բացահայտում ենք կոսմոպոլիտ նկարչուհի Աննա Ադիյանին (լուսանկարներ)
Սարյանի այգում արդեն մի քանի շաբաթ-կիրակի է, ինչ բազմաթիվ արվեստագետների գործերի կողքին կարելի է տեսնել նկարչուհի Աննա Ադիյանի ստեղծագործությունները: Նրա՝ Եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատկերասրահներում ցուցադրված նկարներն առանձնանում են իրենց եվրոպական ուրույն ոճով, կնոջ՝ հաճախ կրկնվող կերպարներով ու գույներով: Փորձելով պարզել, թե ինչն է խթան հանդիսացել գեղանկարի այս ուղղությունը ընտրելու հարցում, և ինչ կարծիք ունի նկարչուհին մերօրյա նկարչության մասին, զրուցեցինք Աննա Ադիյանի հետ:
-Առաջին հայացքից Ձեր նկարները տարբերվում են իրենց տրամադրությամբ ու ոճով: Շատ են եվրոպական քաղաքները պատկերող տեսարանները: Ո՞րն է նման ոճ ընտրելու պատճառը:
- Կարծում եմ՝ բազմաթիվ փնտրտուքներից հետո նկարիչը գտնում է այն ուղղությունը, ձևը, որը իրեն է հատուկ, և որի միջոցով նա ասելիք է ունենում: Սա շատ կարևոր է, քանի որ նկարիչը պետք է զգա իր ստեղծած գործը և կարողանա ապրել այդ ոգով: Ուսանողական տարիքից ճամփորդելով և տեսնելով բազմաթիվ քաղաքների գեղեցկությունը՝ հրապուրվել եմ Եվրոպայով և գտել իմ աշխարհը:
-Ի՞նչ եզրակացության եք հանգել՝ Ձեր նկարները ցուցադրելով և՛ արտասահմանում, և՛ Հայաստանում: Որտե՞ղ են ավելի շատ գնահատում արվեստը:
- Տարիների ընթացքում հասկացել եմ, որ հայերն այլ կերպ են վերաբերվում արվեստին և ավելի շատ են գնահատում: Պարզապես այլ երկրներում բնակչությունը մեծ է, և հետաքրքրվողները, բնականաբար, ավելի շատ են: Սակայն չեմ կարող ժխտել, որ Ֆրանսիայում ևս սիրում են գեղանկարչությունը, իսկ Գերմանիայում ավելի շատ հետաքրքված են գրաֆիկական ստեղծագործություններով:
- Ուսումնասիրելով Ձեր նկարները՝ տեսնում ենք միայն ու միայն գեղեցիկ քաղաքներ, Եվրոպային բնորոշ նեղլիկ փողոցներ ու եվրոպացիներ: Չե՞ք հրապուրվել բնանկարներով:
- Ես սիրում եմ բնանկարը, սակայն այն սիրում եմ քաղաքի տեսարանում: Ես տեսնում եմ այն որպես նկարի մի մաս, բայց ամբողջապես բնանկարներ գրեթե չունեմ:
- Գրեթե չկա մի նկարիչ, ում գործերում չլինի Բիբլիկան Մասիսը: Լինելով հայ՝ չե՞ք տարվել Հայաստանի բնությունը և հատկապես Մասիսը պատկերելու գաղափարով:
- Արարատը նկարում են բոլորը և այնքան շատ, որ երբեմն հոգնեցնում է: Նույնիսկ չգիտես որտեղից որոշ նկարներում Արարատի կողքով ինչ-որ գետ է հոսում, իսկ այն երկու բարդիներն էլ դեռ 80-ականներից են կտրել (ծիծաղում է-հեղ): Ցավոք, պետք է նշեմ, որ հաճախ իրենց նկարիչ անվանողները ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելով, արտատպում են մեր Մասիսի նկարները և դրանք ներկայացնում որպես իրենց ձեռքով ստեղծված գործ: Չգիտեմ, չեմ հասկանում նրանց: Նրանք խաբեբաներ են, սիրողական մակարդակի նկարիչներ: Մասիս պետք է պատկերել՝ միայն այդ պահին կանգնած լինելով նրա դիմաց: Ես, իհարկե, շատ եմ փորձել և ունեմ Արարատի նկարներ, սակայն տեսակով կոսմոպոլիտ եմ և չէի կարող իմ նկարները սկսել ու վերջացնել Հայաստանով ու Մասիսով:
-Իսկ ո՞վ է Ձեր նկարներում շատ հանդիպող կինը : Արդյո՞ք այդ կերպարն ունի իրական նախատիպ:
-Ասում են՝ տարիների ընթացքում նկարիչը հասնում է նրան, որ ունենում է մի հավաքական կերպար, որ շատ հաճախ նմանվում է հենց իրեն: Չգիտեմ, չեմ ցանկանա բացել փակագծերը, թող դա լինի գաղտնիք:
-Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է արդյոք սկսնակ նկարիչների համար հաստատվելը այս ստեղծագործ ոլորտում և հաջողությունների հասնելը:
- Գիտեք, այսօր կան ծրագրեր, որոնց շնորհիվ երիտասարդ նկարիչները կարող են արտասահմանյան ցուցադրություններում ներկայացնել իրենց գործերը: Երևի լավ ծրագրեր են: Մեր ժամանակներով չկար ոչ մի այդպիսի ծրագիր, ուսանողներով սեփական միջոցներով գնում էինք որևէ երկիր և մասնակցում ցուցադրության:
-Դժվա՞ր չէր արդյոք ինքնուրույն նման քայլեր կատարելը:
-Իհարկե, շատ դժվար էր, սակայն երբ մարդ մի բան ցանկանում է, նրա աչքին ոչինչ չի երևում:
-Ինչի՞ց է կախված նկարչի՝ հաջողության հասնելը կամ հայտնի դառնալը:
-Իմ կարծիքով, անկախ մասնագիտությունից՝ ամեն մարդու հետ է իր բախտը: Հնարավոր է, նկարիչը չլինի շատ տաղանդավոր, սակայն բախտը ժպտա նրան և նա հասնի մեծ բարձունքների: Լինում է նաև հակառակը, երբ, ցավոք սրտի, տաղանդները չեն գնահատվում:
-Ինչպիսի՞ փոփոխություններ կցանկանայիք՝ լինեին հայաստանյան նկարչության բանագավառում:
-Շատ կցանկանայի, որ ավելի հաճախ կազմակերպվեին ցուցադրությունները, շատ լինեին պատկերասրահները: Այսօր ավելի հաճախ ծանոթ-բարեկամ մեթոդով են մարդիկ տեղեկանում որևէ նկարչի կամ նրա գործերի մասին:
Հարցազրույցը վարեց Գոհար Միրզոյանը