Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլիկնինը դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում նախագահական ընտրություններում կատարել է քաղաքացիական պարտքը, որից հետո հայտնել է, որ Երևանում մասնակցության ցուցանիշն աննախադեպ է:
«Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան, քվեարկում ենք հանուն մեր երեխաների, թոռների ապագայի, այդ իսկ պատճառով այսպիսի ակտիվությունը հասկանալի է: Ժողովուրդը հետաքրքրված է նրանով, որ երկիրը լինի ավելի գեղեցիկ, դրանով է բացատրվում նման ակտիվությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպան Վոլինկինը:
Նա հաղորդել է, որ ժամը 13:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1600 մարդ: Դեսպանի խոսքով՝ սա շատ բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:
Քվեարկությանը մեծաթիվ հայերի մասնակցությունը նա կապում է այն հանգամանքի հետ, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք այժմ եկել են իրենց հարազատների մոտ և չեն ցանկանում բաց թողնել քվեարկելու իրենց իրավունքը:
Ընտրությունների մասնակցում են ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, զինծառայողները, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: