Ստամբուլի փողոցներից մեկը շուտով կանվանակոչվի Հրանտ Դինքի պատվին
Ստամբուլի Շիշլի թաղամասի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել փողոցներից մեկն անվանակոչել պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունով:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, Սամանյոլու փողոցը Հրանտ Դինքի պատվին անվանափոխելու մասին որոշումը ներկայացվել է Ստամբուլի քաղաքապետարանի ժողովի հաստատմանը:
Փողոցն անվանակոչելու մասին որոշումը Շիշլիի քաղաքային խորհուրդը կայացրել է մարտի 8-ին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում՝ հենց իր թերթի խմբագրության առջև: