ԵՄ-ն պատրաստվում է կոչ հղել Թուրքիային՝ Աֆրինում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ
Եվրախորհրդարանում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որը քվեարկության պետք է դրվի այսօր, գրում է գերմանական DW-ի թուրքական ծառայության ստրասբուրգյան թղթակից Քայհան Քարաջան:
Մշակված օրինագիծը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զինված ուժերն Աֆրինից՝ հաշվի առնելով Աֆրինի խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասն ու տարածաշրջանում աճող լարվածությունը:
Նշված է նաև, որ Եվրամիությունը խիստ մտահոգված է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի և Սիրիայի կառավարական զորքերի կամ ռուսական ուժերի միջև հնարավոր բախման հավանականությամբ, ինչպես նաև ռազմական գործողության պատճառով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության առաջացմամբ:
Օրինագծի շուրջ քննարկումների շրջանակում ելույթ ունեցած ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադարի մասին կայացված որոշմանը՝ Աֆրինում և Արևելյան Ղուտայում բախումները շարունակվում են և ամեն անցնող օրվա հետ բերում նոր կորուստներ:
Մոգերինին նշել է, որ հրադադարի ռեժիմի լիիրավ պահպանման հետ կապված նամակներ են հղվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարություններ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: