Էդվարդ Նալբանդյանը մշակույթին վերաբերող հուշագիր է ստորագրել. Դանիան և Հայաստանը կհամագործակցեն
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Դանիայում ստորագրել է մշակույթին վերաբերող հուշագիր:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են.
Մարտի 14-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Դանիայի մշակույթի նախարար Մեթե Բոկի հետ: Զրուցակիցներն անդրադարձան մշակույթի բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությանը:
Նախարար Բոկը ջերմությամբ հիշեց անցյալ սեպտեմբերին Երևան կատարած իր այցը և հանդիպումը ԱԳ նախարարի հետ:
Էդվարդ Նալբանդյանը և Մեթե Բոկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Երկուստեք շեշտվեց, որ փաստաթուղթը կխթանի մշակույթի բնագավառում հայ-դանիական փոխգործակցությունը։