ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում:
Ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի կապակցությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:
Գերոգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: