Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները. Տիգրան Բալայան
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այսօր լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել, որոնց շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Երկրի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, շուրջ 1000 միավոր հրետանի, ինչպես նաև՝ հինգ տասնյակ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ: