Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին
2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 3 դեպք: Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն:
Razm.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
• Փետրվարի 10-ին Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:
• Փետրվարի 10-ին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:
• Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:
Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից փետրվարի 28-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 7 զինծառայողի մահվան մասին։
Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում: