Աթեշյանը վերանշանակումից հետո «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր դեմ են դուրս եկել իրեն ու համարձակվել են քննադատել. պոլսահայ սյունակագիր
Պոլսահայ սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի էջերում անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո պոլսահայ համայնքում շարունակվող ճգնաժամին:
Քըլըչդաղըն նկատում է, որ Աթեշյանը վերանշանակումից հետո «վրեժ» է լուծում բոլոր նրանցից, ովքեր իրեն դեմ են դուրս եկել ու համարձակվել են քննադատել:
«Նա պատժում է նրանց, ովքեր քաջություն ու պատիվ են դրսևորել՝ ընդդիմանալով իրեն: Նա դա անում է, որպեսզի մյուսներին էլ դաս լինի», - գրում է սյունակագիրը՝ հիշատակելով Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Զավենին տեղի համայնքից հեռացնելու ու եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըին հրաժարական տալ պարտադրելու նախադեպը:
«Կարծում եմ՝ մեծ արագությամբ մոտենում ենք պատմության մեջ Պոլսո Հայոց պատրիարքարանին հատկացված ժամանակահատվածի ավարտին:
Եվ այս պատմության ամենաբացասական դերակատարներից մեկն, անխոս, Աթեշյանն է: Այսօր Աթեշյանն իր շուրջն է հավաքել «Էրգենեկոն»-ի թիմից մի շարք «մութ» անձանց, պատրիարքարանը լցրել է զինված մարդկանցով և արագ սլանում է պատրիարքարանը խաղալիքի վերածելու ճանապարհով: Սա էլ նշանակում է պատրիարքարանի վերջը: Ոչ միայն այս ճանապարհով նրա հետ միասին քայլողներն են նրա հանցակիցը, այլև նրան որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ ընդունող ու նույնիսկ բարև տվողները: Նրանց բոլորի անունները պատմության էջերում գրվելու են: Եթե մենք էլ մոռանանք՝ մեր սերունդները հիշելու են», - գրել է Քըլըչդաղըն:
Պոլսահայ սյունակագիրն Աթեշյանի դեմ պայքարելու կոչ է հղել հոգևորականությանը՝ շեշտելով, որ Աթեշյանի վարքն առաջին հերթին արատավորում է հոգևորականի կերպարն ու նրա նկատմամբ հարգանքը։
«Աթեշյանը ոչ միայն իր հեղինակությունն ու պատիվն է կործանում (նրա հեղինակությունից ու պատվից այլևս ոչինչ չի էլ մնացել), այլև ընդհանուր առմամբ արատավորում է հոգևորականի կերպարը: Ես չեմ կարծում, որ մեր բոլոր հոգևորականներն արժանի են այն բարկությանը, որն ունենք Աթեշյանի հանդեպ»,- գրել է նա: