Ես երբեք խորհուրդներ չեմ տալիս երիտասարդներին, քանի որ ես կարող եմ խոսել միայն ինձանից. Շառլ Ազնավուր (տեսանյութ)
Այս օրերին Երևանում շարունակվում է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը։
Փառատոնի բացման արարողությանը Երևանում բացվել է հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը։ Բացման արարողության ժամանակ Ազնավուրին շնորհվել է նաև Փարաջանովի անվան «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ «կինեմատոգրաֆում ձեռքբերումների համար»։ Փառատոնին իր մասնակցության և առհասարակ կյանքի մասին Ազնավուրը պատմել է Civilnet-ին տված հարցազրույցում։
Խոսելով իր զգացողությունների մասին՝ այն պահին, երբ ստացել է մրցանակը, Ազնավուրը նշել է, որ շատ հաճելի է նման բան ստանալը, որն ապացույց է այն բանի, որ ողջ կյանքդ աշխատել ես ճիշտ ուղղությամբ։
89-ամյա շանսոնյեի խոսքով՝ այս անգամ ինքը Հայաստան է եկել փառատոնին աջակցելու և հայրենիքի շահերին ծառայելու համար, չնայած նա չի սիրում նման միջոցառումներ և ոչ հաճախ է ներկա գտնվում դրանց։
«Ես հաճախ չեմ այցելում նման միջոցառումների, իսկ այստեղ եկել եմ, քանի որ սա Հայաստանն է, և կարծում եմ, որ դա կարևոր է երկրի համար»,-ասել է Ազնավուրը։
Նրա խոսքով՝ փառատոնը հետաքրքրություն է առաջացնում երկրի հանդեպ, դրա շրջանակներում տեղի են ունենում ծանոթություններ և շփում աշխարհի տարբեր երկրների պրոդյուսերների և հովանավորների հետ։
Պատասխանելով հարցին, թե չի՞ ցանկացել, որ իր երեխաները ևս ժամանեն հայրենիք, Ազնավուրն անգլերենից անցել է հայերենի. «Շատ կուզեինք, բայց այդ ժամանակը չունեցանք, մեկը կաշխատեր, մեկը դպրոցում էր... Իմ բոլոր երեխաները եղել են Հայաստանում, սակայն հաջորդ անգամ կցանկանայի, որ մենք միասին գայինք այստեղ։ Այդպես ավելի լավ կլինի»,-ասել է նա։
Շառլ Ազնավուրը պատմել է Հայաստան կատարած իր առաջին այցի մասին՝ նշելով, որ 4 օր շարունակ ձյուն է տեղացել, ամեն ինչ սպիտակով է ծածկված եղել, ինչի հետևանքով ոչինչ չի կարողացել տեսնել և հիշել, բացի մեկ միջադեպից. «Մեր տատիկը 93 տարեկան էր... Այնտեղ նստելու տեղ չկար...Առաջին շարքերում նստել էին կոմունիստները... Եվ այդ ժամանակ ես ասացի՝ եթե ամեն օր 7 տեղ չհատկացվի, ես չեմ երգի... Հատկացրեցին»։
Այսօր, նայելով իր անցած ուղուն, Ազնավուրը, ով ոչ միայն երգել է իր երգերը, այլև նկարահանվել ֆիլմերում, կարող է համոզված ասել, որ իր կյանքում ամենակարևորը երգն է։
«Երգելը, հենց երգը միշտ եղել է իմ ամենակարևոր գործը, քանի որ երբ ես երգում եմ, անում եմ ամեն ինչ։ Ես երգ եմ գրում, երաժշտություն, գործիքավորում եմ, իսկ ֆիլմում կա ռեժիսոր, որն ամեն ինչ անում է, և քեզ պետք է միայն սպասել, որ երբեմն ընդամենը երկու խոսք ասես»,-ասել է նա։
Կյանքի հսկայական փորձ ունեցող արտիստը, ով ձայնագրել է բազմաթիվ երգեր և ալբոմներ, ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում, հրաժարվում է որևէ խորհուրդ տալ սկսնակներին։
«Ես երբեք խորհուրդներ չեմ տալիս երիտասարդներին, քանի որ ես կարող եմ խոսել միայն ինձանից և իմ մասին։ Նրանք իրենց ճանապարհը, իրենց մտածողությունն ունեն, և եթե դու խորհուրդներ ես տալիս, դրանք կարող են սխալ խորհուրդներ լինել»,-ասել է Ազնավուրը։
Իր ապագայի մասին հարցին 89-ամյա արտիստը, ով շարունակում է ակտիվորեն աշխատել և ստեղծագործել, պատասխանում է, որ եթե ոչինչ չանի, ապա կմնա միայն մեկ բան՝ մահանալ։ «Ես պատրաստ չեմ դրան»,-ասել է Ազնավուրը։