Ստալինյան մեդալների ժամանակը
ՀՀ նախագահի հերթական մեդալային պարգևատրումների ցանկերը նայելիս՝ հաճախ եմ ափսոսում մեդալների անունները: Ոչ, չեմ վիճարկում անձանց արժանիքները, ում այդ մեդալներով պարգևատրում են: Նրանք հաստատ ինչ որ ներդրում արել են, լինի ռաբիսում, սերիալալին արհեստում թե զանգվածային ցածրօրակ մշակույթի քարոզման այլ ոլորտում:
Սրա անունը վաղուց է դրվել՝ «պահանջարկին համապատասխան»: Քանի որ «պահանջարկ» բառի իմաստը ձևավորողները նույն մեդալը տվողներն են, տրամաբանական է, որ մեդալի հավակնության «առաջարկը» պիտի համապատասխանի «պահանջարկի» ձևավորման քաղաքականությանը: Վիճարկում եմ «Մովսես Խորենացու», «Մեսրոպ Մաշտոցի»... մեդալների անունների օգտագործման բարոյական իրավունքը: Կարծում եմ Հայաստանի զարգացման ընթացքը հասել է մի հանգրվանի, որ կարող է հաստատել «՛՛Սարգսյան» անունով մեդալ՝ զուգահեռը ունենալով «Ստալինյան» մեդալները: Ստալինը թագավորել է 30 տարի անընդմեջ՝ կոմկուսի մշտական խնդրանքով, աղաչանքով, բուռն, օվացիայի հասնող ծափահարությունների ներքո և Ստալինի՝ խնդրանքներին զիջելով թագավոր դառնալու համաձայնությանը երախտագիտության խոնարհումներով:
Սիմոնովը, օրինակ, ԽՍՀՄ-ում հինգ անգամ ստացել է «Ստալինյան» մեդալ, կյանքի վերջում՝ 80-ականներին գրելով, որ մեդալների ստացման օրերին չէր պատկերացնում, չգիտեր, թե ինչ երկրում է ապրում: Գուցե և ստացել է չպատկերացնելու, չիմանալու համար: Հիմա մենք Սիմոնովի անունը գիտենք, բայց չգիտենք վաստակ ունեցած բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր թերևս համեմատաբար պատկերացնում էին, թե ինչ երկրում են ապրում: Սա ըստ էության այնքան էլ կարևոր չէ, շատ ավելի կարևոր է, որ «Մովսես Խորենացու», «Մեսրոպ Մաշտոցի»... անուններով մեդալները տրվում են այդ անունների տերերի աշխարհայացքին հակոտնյա ներդրումների համար, իսկ իրենք չեն կարող շահարկումից պաշտպանել իրենց անունները: Տրամաբանական չէ՞ր լինի, որ ընթացիկ «պահանջարկին համապատասխան» վաստակի համար պարգևատրեին պարգևատրվողի վաստակի հետ աշխարհայացքային առնվազն համակիր մարդու անունով մեդալներով, ով նաև իր անունը պաշտպանելու հնարավորություն ունի:
Հրանուշ Խառատյան. Ֆեյսբուք: