Մակրոնն ու Էրդողանը քննարկել են մարդասիրական ճգնաժամն Արևելյան Ղուտայում
Սիրիայի հիմնախնդրի հարցով նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների միջև, այս մասին գրում է T24 կայքը:
Հայտնի է, որ Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկելով Արևելյան Ղուտայում տիրող իրավիճակը, շեշտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված մեկամսյա հրադադարի որոշման պահպանման կարևորությունն ու պայմանավորվել առավել ինտենսիվ քննարկումներ վարել մարդասիրական օգնության՝ տեղի բնակչությանը հասցնելու խնդիրների շուրջ:
Նշվում է, որ կողմերը նաև խոսել են սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի կողմից շարունակվող ռազմական գործողության մասին, ինչի ընթացքում Էրդողանը կրկին պնդել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունն ուղղված է «Թուրքիայի սահմանների դեմ առկա ահաբեկչական վտանգը չեզոքացնելուն և տարածքի բնակչության խաղաղ կենսակերպն ապահովելուն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շեշտել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին որոշումը պետք է տարածվի նաև Աֆրինի վրա: Մակրոնը պարբերաբար իր մտահոգությունն է հայտնել Աֆրինում խաղաղ բնակչության մահվան դեպքերի հետ կապված:
Հունվարի 20-ին թուրքական զինուժն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որն ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: