Կալիֆոռնիայում հայ ոստիկանի են ձերբակալել զենքի ապօրինի վաճառքի համար (տեսանյութ)
Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում ոստիկանության հայ լեյտենանտ է ձերբակալվել, որը մեղադրվում է ավելի քան 100 միավոր հրազեն ապօրինի վաճառելու մեջ։ Այս մասին հաղորդում է CBS LA-ն:
48-ամյա Վազգեն Գուրդիկյանը ինքնակամ ներկայացել է դաշնային իրավապահներին, երբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2014-2017 թվականներին 107 միավոր հրազենի վաճառքի համար։ շԳուրդիկյանը նաեև տեղեկանքներ է կեղծել զենք ձեռքբերելու համար։ Դատախազության տվյալներով, նա զենքի խանութներին հայտնել է, թե գնում է իր համար, մինչդեռ հրազենները փոխանցել է այլ անձանց։
Դատարանում Գուրդիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ազատ է արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց։
Փասադենայի ոստիկանության խոսնակ Լիզա Տերտերյանի փոխանցմամբ, Գուրդիկյանը հարկադիր արձակուրդի է ուղարկվել դեռ փետրվարի 16-ին։ Գուրդիկյանը հրազենը վաճառել է
Calguns կայքի միջոցով։ Դեռ անցած տարի հեռուստաալիքը տեսագրել էր Սիերա Մադրեում գտնվող նրա տունը, որտեղ 60 միավոր հրազեն էր եղել։
Գուրդիկյանը փաստաբան Մայք Գերագոսը հայտնել է, թե իր պաշտպանյալը անմեղ է, իսկ նրա դեմ մեղադրանքները պետք է հանվեն։ Գուրդիկյանի դեմ դատաքննությունը մեկնարկելու է ապրիլի 24-ին։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։