Համացանցում է հայտնվել Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը
Համացանցում հրապարակվել է ՌԴ նախագահական թեկնածու Քսենիա Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանել է ինքը՝ հարձակվողը: Հոլովակում երևում է, թե ինչպես է Սոբչակը մտնում շենքի տարածք, որտեղ գտնվում էր տղամարդը:
Վերջինս, մոտենալով Սոբչակին, հեղուկ է լցնում նրա ուղղությամբ՝ ասելով. «Քսենիա Անատոլևնա, սա ձեզ Ժիրինովսկու համար»: Այնուհետև երիտասարդը փորձում է փախչել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ իր վրա իրականացված հարձակման մասին թվիթերյան էջում տեղեկացրել էր Սոբչակը:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին: