Ինչ պայման է առաջադրել Թրամփը Հյուսիսային Կորեային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի հետ, սակայն պայման է առաջ քաշել։
«Այժմ մենք քննարկում ենք, նրանք նման կոչով հանդես են եկել օրեր առաջ: Նրանք ասել են, որ կցանկանային բանակցել: Իսկ ես ասում եմ՝ մենք էլ ենք ցանկանում, սակայն դուք պետք է ապամիջուկայնացվեք», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը ամենամյա Gridiron Club dinner ճաշկերույթի այցելուներին:
«Մենք կհանդիպենք և կտեսնենք՝ արդյոք ինչ-որ դրական բան տեղի կունենա», - ավելացրել է ամերիկացի ղեկավարը: Նա նաև շեշտել է, որ անմիջական հանդիպում չի անցկացնի Կիմ Չեն Ընի հետ:
«Ինչ վերաբերում է խելագարի հետ գործ ունենալուն, դա նրա խնդիրն է, ոչ թե իմ», - կատակել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ հայտնել էին, որ ԿԺԴՀ-ն ցանկանում է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:
Բացի այդ, Հարավային Կորեան պատրաստվում է երկուշաբթի պատվիրակություն ուղարկել Հյուսիսային Կորեա՝ քննարկելու երկու կողմի հարաբերությունների բարելավման հնարավորությունը: