Մոսկվայում հարձակվել են Սոբչակի վրա
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի վրա հարձակում է իրականացվել Մոսկվայի կենտրոնում, այս մասին հաղորդում է նախընտրական շտաբի մամլո ծառայությունը։ «Պետրովյան պալատից դուրս գալու պահին, որտեղ անց էր կացվում Միխայիլ Գորբաչյովի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը, Քսենիա Սոբչակի վրա հարձակվել է Ալան Զագոևը՝ պատգամավոր Ալեքսեյ Շապոշնիկովի անձնական օգնականը։ «Սա Ժիրինովսկու համար» աղաղակներով՝ նա Սոբչակի վրա ջուր է լցրել և ուժեղ հրել է նրան, այնպես, որ վերջինս ընկել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օրինախախտին բռնել են։
«Ոստիկանությունը եկել է, արձանագրությունն է ձևակերպվում։ Փաստաբանները ժամանել են դեպքի վայր»,– ասել են շտաբում։
Փետրվարի 28-ին, հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճերի ժամանակ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից առաջադրված Քսենիա Սոբչակը ջուր էր լցրել նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու վրա։