Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի շենքը կվերանորոգվի (լուսանկարներ)
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի շենքի վերանոգորման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:
Օտար երկրում գործող միակ պետական հայկական թատրոնի բեմը վերջին անգամ հանդիսատես է ընդունել յոթ տարի առաջ: Երբ շենքի պատերին երեւացել են առաջին ճեղքերը, թատրոնի ղեկավարությունը դիմել է Վրաստանի սեյսմիկ ծառայությանը: Եկել են, եզրակացություն տվել, որ շենքը վթարային է, ներսում ներկայացումներ խաղալն արգելել:
Շենքի վերանորոգման գործն ամբողջությամբ իր վրա է վերցրել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու գրուպ» հիմնադրամը: Նախապես որոշվել էր, որ միայն արտաքին պատերն են ամրացվելու: Շենքի ամրացման նախագիծը կազմելուց և աշխատանքներին անցնելուց հետո սակայն, պարզվել է, որ միայն ամրացմամբ հարցը չի լուծվի: Որոշել են, որ զրոյից սկսել: Դեկտեմբերին, այսինքն մոտ մեկ տարի հետո, շենքի կմախքը պատրաստ կլինի, ևս 1,5 տարի էլ, ըստ ծրագրի, կպահանջվի ներքին հարդարման համար:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վստահ է, որ բոլոր փոփոխությունները միայն դեպի լավն են լինելու ու ի նպաստ թատրոնի: Նա նորից հիշեցնում է, որ չնայած արդեն վերջին յոթ տարվա ընթացքում շենքը չի գործում, թատրոնը` գործում է: Տարվա ընթացքում 4-5 նոր ներկայացում է բեմադրվում ու վարձակալությամբ ներկայացվում այլ բեմերում:
Ներկայումս մեծ հյուրախաղերի են պատրաստվում Հայաստանի մի շարք քաղաքներում ու Վրաստանի հայաշատ վայրերում, այս տարի եւս մասնակցելու են Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա փառատոնին: