Զախարովան՝ Հայաստանի նոր նախագահի հետ ապագա հարաբերությունների մասին (տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին Sputnik գործակալության հարցին:
«Ես կարծում եմ, որ համապատասխան հայտարարություններ անելը միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին ամրագրվել է երկկողմ համաձայնագրերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների և բանակցությունների ընթացքում՝ ելնելով նախևառաջ «երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից»:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, պատասխանելով արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադառնալու մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հայտնի է և չի փոփոխվել: Այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում առկա համապատասխան փաստաթղթերում: