Դեռահասը փորձել է սպանել Եղիսաբեթ II-ին
Գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերը հաստատում են մամուլում ավելի վաղ հայտնված լուրերն այն մասին, որ 1981 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ի Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում նրա դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին գրում է BBC-ն:
Այն ժամանակ այդ կապակցությմաբ տեղացի դեռահաս էր կալանավորվել, բայց դեպքը մինչ օրս գաղտնի է պահվել: 1981-ին թագուհին այցելել էր Նոր Զելանդիայի Դանդին քաղաք: Այդ ժամանակ 17-ամյա Քրիստոֆեր Լյուիսը հինգերորդ հարկի պատուհանից իր հրացանով նշան էր բռնել թագուհու վրա և կրակել:
Լյուիսը վրիպել էր, բայց ամբոխում հավաքվածները, որոնք ուզում էին տեսնել թագուհուն անսովոր ձայն էին լսել: Այդ ժամանակ իշխանությունները բացատրել էին, որ մոտակայքում նեոնային ցուցանակ է ընկել:
37 տարի անց հետախուզության գաղտնազերծված արխիվների համաձայն՝ խոսքը թագուհու կյանքին սպառնացող իսկական մահափորձի մասին է: Լյուիսը մեղադրվել էր ոչ թե մահափորձի, այլ հրազենի ապօրինի տիրապետման մեջ:
Շատերը պնդում են, որ Նոր Զելանդիայի իշխանությունները ցանկացել են թաքցնել հնարավոր հանցագործությունը:
Նոր Զելանդիայի ոստիկանության ղեկավարն արդեն հանձնարարել է հետախուզության արխիվների գաղտնազերծված փաստաթղթերի մանրամասն հետաքննություն անցկացնել:
«Լյուիսն իսկապես ցանկացել է սպանել թագուհուն, բայց նա չի կարողացել հարմար դիրք գտնել, որպեսզի լավ նշան բռնի, բացի այդ նրա հրացանն այդքան հզոր չի եղել», - նշվել է նորզելանդական հետախուզության 1997 թվականի զեկույցում:
Որքան հայտնի է Քրիստոֆեր Լյուիսը հոգեկան խանգարումներ է ունեցել և մտադիր է եղել սպանել ողջ թագավորական ընտանիքին: Նա պնդել է, որ Ազգային կայսերական պարտիզանական բանակ անվանումով աջակողմյան խմբավորման անդամ է: Ոստիկանության տվյալներով՝ այդ կազմակերպությունը 3 անդամ է ունեցել: